6 հուլիսի 2016 - 19:31 AMT
ՀՀ-ում անցկացվելիք սպառազինության միջազգային ցուցահանդեսին ՌԴ ու այլ երկրների առաջատար արտադրողներ կմասնակցեն

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը քննարկել են «Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները:

Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հաստատվել է ցուցահանդեսի գործնական ու ցուցադրական մասերի անցկացման նախագիծը: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Ազգային պաշտպանություն և անվտանգություն» մրցույթը:

«Արմհայտեք-2016-ին» կմասնակցեն Ռուսաստանից, Հայաստանից ու այլ երկրների ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններ, հայտնում է Arms-Expo-ն:

Մասնավորապես, ցուցադրվելու է զրահատանկային տեխնիկա, հրետանի, ավիացիա, ՀՕՊ միջոցներ, ինժեներական տեխնիկա, քիմիական պաշտպանության միջոցներ, ԱԹՍ-ներ, ռոբոտատեխնիկա, զինվորական հանդերձանք, կապի ու լազերային տեխնոլոգիաներ և բազմաթիվ այլ նմուշներ:

«Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում:

Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-ից 15-ը: