7 հուլիսի 2016 - 18:39 AMT
ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, կորպուսների հրամանատարներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ զինված ուժերի ու պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությունում:

Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն երրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Գրիգորի Խաչատուրովը՝ հինգ տարի ժամկետով։

Ավելի վաղ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Մովսես Հակոբյանը նշանակվել էր պաշտպանության նախարարի տեղակալ:

Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն երկրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Դավիթ Մանուկյանը:

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն չորրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Վալերիկ Քոչարյանը: