8 հուլիսի 2016 - 15:28 AMT
$20 մլն` ՀՀ շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը

Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate Fund) $ 20 մլն կհատկացնի Հայաստանին շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար: Որոշումն ընդունվել է հիմնադրամի՝ Հարավային Կորեայի Սոնգդո քաղաքում տեղի ունեցած համաժողովին, հայտնում է Civilnet-ը:

Ծրագիրը մշակվել և ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Բրեդլի Բուսետոն Թվիթերում գրառում է արել, որ Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որը նման ֆինանսավորում է ստանում:

Սոնգդոյում Կանաչ կլիմայի հիմնադրամի հանդիպմանը ութ նոր ծրագրի առաջարկներ են քննարկվել:

ՄԱԿ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ներկայացրած նախագիծը կնպաստի երկրում հանրային և մասնավոր շենքերի էներգախնայողության ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և կիրականացվի Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Հայաստանից այս նախագիծն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որ հաստատվել է խորհրդի կողմից։

Կանաչ կլիմայի հիմնադրամը Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրների կողմից: