13 հուլիսի 2016 - 14:36 AMT
Առաջին անգամ Հայաստանն Օլիմպիադային արգելավազորդ կներկայացնի

Աթլետիկայի Հայաստանի օլիմպիական հավաքականի միակ արգելավազորդը Լիլիթ Հարությունյանն է:

Անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերին Հայաստանն առաջին անգամ արգելավազորդ է ներկայացնում, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հարությունյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով է թույլատրել նրան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Լիլիթ Հարությունյանը ծնվել է 1993-ին Գյումրի քաղաքում: Աթլետիկայով զբաղվում է 13 տարեկանից:

Հարությունյանի անձնական մարզիչները ամուսինն ու սկեսուրն են: Ամուսինը, ով նույնպես աթլետիկայով է զբաղվել, հեռացել է մեծ սպորտից՝ աղջկան խնամելու համար, որպեսզի Լիլիթը շարունակի իր մարզական կարիերան:

Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնի 6 աթլետ: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ն Օլիմպիադային ներկայացնում է 33 մարզիկ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ:

Photo` Armnoc