Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ընթանում են Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերը, որի շրջանակում անցկացվում է նաև շախմատի մրցաշար:
Համալսարանական խաղերում Հայաստանը ներկայացնում են Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը:
Հուլիսի 14-ին ունեցած կայծակնային մրցաշարում Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Պավել Պանկրատովը, իսկ Մաքսիմ Չիգաևը եզրափակեց լավագույն եռյակը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
Մրցաշարում մեր մյուս պատվիրակ Հովհաննես Գաբուզյանը գրավել է 4-րդ հորիզոնականը:
Համալսարանակaն խաղերի շրջանակներում անց է կացվում նաև արագ շախմատի մրցաշար: Կայացել են նախատեսված 9 տուրից 7-ը:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, երկրորդ հորիզոնականում ընթանում է Զավեն Անդրիասյանը, ով վաստակել է 5,5 միավոր: