18 հուլիսի 2016 - 13:36 AMT
ԱԳՆ խոսնակ. «Թեժ գծով» բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն

Պետական հեղաշրջման ձախողված փորձի հետևանքով Թուրքիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀՀ արտգործնախարարությունում բացված «թեժ գծի» հեռախոսահամարով մի քանի տասնյակ հեռախոսազանգեր են ստացվել թուրքաբնակ հայրենակիցներից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն` ի պատասխան հարցի, թե օգտվել են արդյոք Թուրքիայում գտնվող հայերը «թեժ գծից», հայտնում է Tert.am-ը:

«Բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: Պատահել է, որ մեզ են Հայաստանից հեռախոսահամար փոխանցել, մենք ենք կապ հաստատել Թուրքիայում գտնվող քաղաքացիներից ոմանց հետ»,- հավելել է Տիգրան Բալայանը:

Խոսնակը նշել է, որ ակտիվ արձագանքել են նաև սոցիալական ցանցերի միջոցով ստացվող նամակներին:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:

Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: