ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այդ մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է Tert.am-ը:
Մեկնաբանելով վերջերս Ռուսաստան կատարած այցը և այնտեղ Սիրիայի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ Քերին նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք հարցեր է քննարկել, որոնց թվում է եղել Ուկրաինան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը:
«Մենք բավականին երկար զրուցել ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ՝ փորձելով հստակեցնել այն քայլերը, որոնք հարկավոր է ձեռնարկել Ուկրաինայի առնչությամբ: Մենք մի շարք տարբեր հարցերի վրա ենք աշխատում: Մենք նաև աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի վրա»,- ասել է Քերին:
Հուլիսի 14-ին Քերին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հունիսի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցել են Մոսկվայում` քննարկելով նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:
Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:
Ընթերցեք նաև. Քերի. Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից Ղարաբաղում