10 ապրիլի 2007 - 16:33 AMT
Հայաստան է ժամանել ԵԱՀԿ առաքելությունը, որը հետեւելու է նախընտրական քարոզարշավին
Այսօր Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ԵԽԽՎ-ի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են` ղեկավար Լեո Պլատվոետը (Նիդեռլանդներ), անդամներ` Ժորժ Կոլումբիեն (Ֆրանսիա), Բեռնարդ Մարկետը (Մոնակո), Էվալդ Լինդինգերը (Ավստրիա): Ապրիլի 11-ին նախատեսված են պատվիրակության հանդիպումները Երեւանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի, ՀՀ ԿԸՀ նախագահի հետ: Նույն օրը պատվիրակության անդամները Եվրախորհրդի գրասենյակում հանդիպումներ կունենան հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ:

Ապրիլի 12-ին Լեո Պլատվոետի գլխավորած ԵԽԽՎ դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան Ազգային ժողովում` խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչների հետ: Նույն օրը դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի ցանկությամբ` տեղի են ունենալու նաեւ հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների եւ «Այլընտրանք» քաղաքական շարժման ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ Սահմանադրական դատարանի անդամների եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի հետ:

Ապրիլի 13-ին պատվիրակությանը կընդունեն ՀՀ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի եւ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահները, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Ազգային ժողովում պատվիրակությանը կընդունի Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը: Նույն օրը պատվիրակության անդամներին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախատեսված է հանդիպում նաեւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ: