26 հուլիսի 2016 - 09:47 AMT
Շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը 27 անգամ

Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ (20 կրակոց):

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննությունը: