ՊՊԾ գնդում հուլիսի 27-ից «Սասնա ծռեր» խմբի կողմից որպես պատանդ պահվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանը «Արմենիա» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում պատասխանել է հարցերին ու պատմել, որ իրենց գնդում որպես պատանդ են պահում: Նա դրական է պատասխանել հարցին, արդյոք զինյալներին բացատրել են, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«- Դուք հիմա ՊՊԾ գնդի տարածքո՞ւմ եք:
- Այո:
- Ձեզ այդտեղ որպես պատա՞նդ են պահում:
- Այո:
- Կա՞ն այդտեղ հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն:
- Մեկ հոգի կա:
- Ձեր ունեցած դեղորայքով կարողանո՞ւմ եք լիարժեք օգնել:
- Ոչ:
- Ձեր մյուս գործընկերները նույն վիճակում են՝ ինչ դո՞ւք:
- Այո:
- Իսկ հիվանդների բուժումը գնդի տարածքում հնարավո՞ր է:
- Ոչ:
- Զինված խմբին բացատրե՞լ եք, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով:
- Այո»:
Առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա: