Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Բարսեղյանի մոտ հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն», - նշվում է հաղորդագրությունում։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Լևոն Բարսեղյանը բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին Խորենացի փողոցից, 63 այլ քաղաքացիների հետ միասին: Վերջին օրերին Բարսեղյանն ակտիվ մասնակցություն է ունեցել փողոցում ընթացող ցույցերին: