27 հուլիսի 2016 - 20:29 AMT
Պավել Մանուկյանի որդին կալանավորվել է 2 ամսով

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Պավել Մանուկյանի որդի Արամին 2 ամսով կալանավորելու մասին:

Ինչպես հայտնում է aysor.am-ը, այդ մասին հայտարարել է Արամ և Պավել Մանուկյաննների շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Պավել Մանուկյանի հետ կապված ևս միջնորդություն ներկայացվեց խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, բայց, նկատի ունենալով, որ Մանուկյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել դատական նիստին, իսկ այս պահին վերջինիս վիճակը ծանր է, դեռ պարզ չէ, թե երբ է նշանակվելու դատական նիստը», - նշել է նա:

Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը)։

Հոդվածները նախատեսում են համապատասխանաբար 6-12 և 3-8 տարվա ազատազրկում: