Հայասատանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ կապված Էրեբունու ոստիկանական տարածքի գրավման հետ խիստ մտահոգիչ են, ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ վերցված բուժանձնակազմին:
«Միաժամանակ վերահաստատում ենք մեր հորդորը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալու բիրտ ուժի գործադրումից հասարակական հանրահավաքները կառավարելիս: Ցուցարարներին նույնպես հորդորում ենք ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում», - ասված է Եմ հաղորդագրությունում:
Ընդգծվում է, որ Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն ու բռնությունը անընդունելի են:
«Կոնֆլիկտների լուծումն անհրաժեշտ է գտնել քաղաքական երկխոսության միջոցով՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում»:
Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը:
Գնդի շուրջ իրադարձությունների թարմացվող լրահոսին կարող եք հետևել այստեղ:
Կարդացեք նաև՝ Ահարոնյան. «Սասնա ծռերի» դիպուկահարի կրակոցից ոստիկան է սպանվել
ԱՄՆ դեսպանատուն. Խստիվ կոչ ենք անում անկեղծորեն աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ