2 օգոստոսի 2016 - 11:17 AMT
Իսրայելի Քնեսեթի Կրթության հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի Կրթության և սպորտի հանձնախումբը օգոստոսի 1-ին կայացած քննարկման ժամանակ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանը:

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 5-ին կրկին չի արդարացրել սպասելիքները՝ արդեն երրորդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձևն ուղարկելով վերոնշյալ մշտական հանձնաժողով՝ հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար:

«Հանձնաժողովում կայացած քննարկումից հետո Քնեսեթի Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև կոչ է արել Իսրայելի կառավարությանն ու Քնեսեթին, Քնեսեթի խոսնակ Յուլի Եդելշտեյնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղդասարյանը:

Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից: