2 օգոստոսի 2016 - 13:08 AMT
Human Rights Watch. ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել

Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ հուլիսի 29-ին, ինչպես նաև բռնության դեպքեր են գրանցվել լրագրողների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Երևանում վերջին իրադարձությունների մասին հրապարակած իր զեկույցում։

«Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում վիրավորվել են տասնյակ ցուցարարներ և լրագրողներ։ Բերման ենթարկելիս ոստիկանությունը նաև ծեծել է լրագրողներին ու ցուցարարներին։ Հուլիսի 29-ին Հայաստանի իշխանությունները քննություն են սկսել այս գործի առնչությամբ»,- նշում է Human Rights Watch-ը, գրում է Civilnet.am-ը։

«Հայաստանյան իրադարձությունների քննությունը պետք է լինի արագ և ամբողջական։ Չնայած ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, այն չունի իրենց հայացքները խաղաղ արտահայտելու հավաքված մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու «սպիտակ քարտ»,- ընդգծել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան։

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են: