4 օգոստոսի 2016 - 15:54 AMT
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը Սարի թաղի դեպքերից հետո պաշտոնանկ է արվել

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օգոստոսի 4-ին պաշտոնից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։

Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական բաժնից:

«Ա.Վաթյանը ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ», - հայտնեցին Ոստիկանությունից:

Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին Գասպարյանի հրամանով Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից ազատվել էր Գևորգ Հակոբյանը, ինչպես նաև գնդապետ Մ.Դավթյանը՝ Բաղրամյանի բաժնի պետի պաշտոնից:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել ցուցարարները: Արդյունքում 6 ոստիկան ու 2 քաղաքացի է տուժել: