18 ապրիլի 2007 - 14:24 AMT
Բացահայտվել է Մոսկվայում կատարված հայաստանցու սպանությունը
Մոսկվայի քրեական հետախուզման աշխատակիցները բացահայտել են երկուշաբթի օրը Մոսկվայի հարավ-արեւմուտքում կատարված 46-ամյա Կարեն Աբրահամյանի սպանությունը: Ինչպես հաղորդել է աղբյուրը իրավապահ մարմիններում, հարձակումը Աբրահամյանի վրա կատարվել է նախօրեին Կեդրովի փողոցում մոտ 22.00-ին: «Երեք անհայտ սափրագլուխ երիտասարդներ բարձր սրունքավոր կոշիկներով հարձակվել են Աբրահամյանի վրա եւ դանակի մի քանի հարված հասցրել: Ինչպես հաղորդել է ինքը տուժածը, երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, հարձակման պատճառ է հանդիսացել իր ազգությունը, քանի որ երիտասարդները ազգայնամոլական կարգախոսներ են բղավել»,-պատմել է գործակալության զրուցակիցը: Հիվանդանոցում վիրահատության ժամանակ Աբրահամյանը մահացել է:

Մոսկվայի քրեական հետախուզման օպերատիվ աշխատակիցներին հաջողվել է գտնել հարձակվողներին: Նրանք բոլորը ձերբակալված են եւ տվել են խոստովանական ցուցմունքներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: