6 օգոստոսի 2016 - 12:36 AMT
Բալայան. «Անի» կետրոնի «Կազանյան փաստաթուղթը» փորձագիտական աշխատանքի արգասիք է

«Անի» հայկական հետազոտական կենտրոնի կողմից ներկայացվաԾ «Կազանյան փաստաթուղթը» անվանումով հրապարակումը փորձագիտական աշխատանքի արգասիք է:

Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Իմ կարծիքով, դա փորձագիտական աշխատանքի արգասիք է», - ասաց Բալայանը:

«Անի» հայկական հետազոտական կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանի հրապարակման համաձայն՝ Կազանյան փաստաթղթում, մասնավորապես, նկատի է առնվում հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, փոխանցվում են Ադրբեջանի հսկողությանը:

Տարածքների փոխանցման մանրամասները կողմերը կհամաձայնեցեն Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում կփոխանցվեն Ակնը (Աղդամ), Վարանդան (Ֆիզուլի), Ջրականը (Ջեբրայիլ), Կովսականը (Զանգելան) եւ Սանասարը (Կուբաթլի): Հետագայում ադրբեջանական կողմին կփոխանցվեն Քարվաճառը (Քելբաջար) եւ Բերձորը (Լաչին), որոնք չեն գտնվում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքում»:

Հուլիսի 14-ին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում տարածված այն տեսակետին, որ բանակցային սեղանին դրված է լրամշակված կազանյան փաստաթուղթը, որով հայկական կողմը զիջում է որոշակի տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի դիմաց, ասել է, որ դրանք շահարկումներ են:

«Դա չի նշանակում, թե իրավիճակն այդպիսին է: Նախ և առաջ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը. Եթե չենք մասնակցել այս կամ այն բանակցություններին կամ այս կամ այն քննարկմանը, ինչպե՞ս կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա: Մենք կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա, որպեսզի խաղաղությունը պահպանվի, քանի որ համարվում ենք 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի անմիջական կողմ: Մնացած դեպքերում, մինչև բանակցային գործընթացի մասին հստակ տեղեկություն չլինի, խոսել այս կամ այն լուծման մասին, ճիշտ չէ», -հավելել է ԼՂՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

Կարդացեք նաև՝ Սարգսյան. «Կրկնում եմ՝ ԼՀ հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու, բացառվում է»