Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պահանջում է պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին:
Խմբակցության տարածած հայտարարությունում, մասնավորապես ասված է.
«Հուլիսին «Սասնա Ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսևորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով: Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բնախեղդ արեց: Եվ այդ ամբողջի պատասխանատվությունը կրում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը օրեր առաջ պահանջեց ազատել նրան աշխատանքից: Նրա պաշտոնանկությունն արդեն իրականություն է:
Այդ օրերին ոստիկանության գործողություններն իրենց հրոսակային դրսևորմամբ գագաթնակետին հասան Երևանի Սարի թաղ համայնքում, և այն, կարելի է ասել, տեռոր էր ցուցարարների ու խաղաղ բնակչության հանդեպ: Այդ վայրագությունների կազմակերպողն ու պատասխանատուն ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանն էր, ով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ուղարկվեց արձակուրդի:
«Բարև Երևանը» պահանջում է Լյովա Երանոսյանին արձակուրդի ուղարկելու փոխարեն ազատել աշխատանքից և պատասխանատվության ենթարկել օրենքի ամբողջ խստությամբ: Խմբակցությունը շարունակելու է լրատվամիջոցներին ու հանրությանը ներկայացնել «թեկնածուների» հաջորդական շարքը՝ պահանջելով նրանց պաշտոնանկությունը՝ հետևողական լինելով դրանց իրականացման հարցում»:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Աշոտ Կարապետյանը եղել է դեպքի վայրում ու ոստիկանների գործողությունը համակարգողներից էր: