ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով տուժածներից օգոստոսի 12-ի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 4-ը։
Վերակենդանացման բաժանմունքում է նրանցից մեկը` հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանը, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։
Օգոստոսի 7-ին նրան թիվ 1 համալսարանական կլինիկայից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, քանի որ պոլիօրգանային անբավարարության հետևանքով հեմոդիալիզի անհրաժեշտություն էր առաջացել։
Օգոստոսի 11-ին կազմակերպված հերթական կոնսիլիումի ժամանակ առաջատար մասնագետները քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը։ Որոշվեց, որ այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։
Զինյալ խմբի անդամին օգոստոսի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժումը շարունակում են մեկական տուժածներ։