31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կրկին պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։ 56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանի մրցակիցն 1/8-րդ եզրափակչում իռլանդացի Ջոն Կոնլանն էր։
Ավագյանը զիջեց 3-0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նույնպես դուրս չեկավ քառորդ եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
64 կգ քաշային կարգի հերթական մենամարտում Բաչկովի մրցակիցը չինացի Հու Քիանխուն էր։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 2-1 հաշվով։
Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` թե Արամ Ավագյանը, և թե Հովհաննես Բաչկովը չեն պարտվել իրենց մենամարտերում։
«Իմ տղաներն այսօր չեն պարտվել, և ես դա չեմ ասում` որպես երկրպագու, մյուս մասնագետներն էլ են այդ կարծիքին։ Նրանք արժանի պայքար են տվել և հավասարի պես մենամարտել են»,- ասել է Աղամալյանը։
Կարդացեք նաև՝ Մարմնամարզիկ Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում