Ստամբուլի հանրապետական դատախազության հանձնարարությամբ՝ քաղաքի Չաղլայանի, Բաքըրքոյի և Գազիօսմանփաշայի դատարաններում կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով երկրի ոստիկանությունը գործողություններ է սկսել: Որոշում է կայացվել ձերբակալել 173 հոգու:
Ոստիկանները նաև այցելել են երկրի արդարադատության նախարարություն, որտեղ ստուգել են աշխատանքի մեջ գտնվող դատախազների և դատական աշխատողների անձնական գործերը: Խուզարկվել են նաև վերջիններիս դարակներն ու համակարգիչները, Թուրքական Haber 7 հեռուստաալիքի կայքին հղումով գրում է Tert.am-ը:
Այս գործի քննությունն իրականացնում է Գյոլքալպ Քյոքչուն, ով նաև իրականացնում է «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննությունը:
Ձերբակալված 173 հոգուց 129-ը Չաղլայանից և Գազիօսմանփաշայից են, իսկ 44-ը՝ Բաքըրքոյից: Մինչ այս գործողությունը ձերբակալվել էր ևս 4 հոգի:
Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:
Կարդացեք նաև՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկիր չի վերադարձել 32 դիվանագետ