20 ապրիլի 2007 - 14:33 AMT
Լատվիան կիսում է հայկական կողմի հույսերը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ
Ադրբեջանի արտոգրծնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը անցել է նորմալ եւ հանգիստ մթնոլորտում: Այդ մասին Լատվիայի արտոգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, պետք է սպասել մինչ երկու երկրների նախագահները արտահայտվեն համանախագահների առաջարկությունների վերաբերյալ եւ ապա առաջ շարժվել: «Նոր հանդիպման մասին մենք դեռ չենք պայմանավորվել: Ամենայն հավանականությամբ, մինչ մայիսի 12-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման համար»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը

Նա նաեւ նշել է, որ որոշ հարցեր կան, որոնց առնչությամբ կողմերը համաձայնության չեն հասել եւ որոնց կապակցությամբ Բելգրադում լուրջ բանակցություններ են անցկացվել եւ ներկայացվել են համանախագահների առաջարկությունները: «Վիճելի հարցեր գոյություն ունեն, եւ դա նշանակում է, որ դրանք քննարկվել են բանակցությունների ընթացքում: Երբեմն դեպքեր են լինում, երբ ես կամ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը լիազորված չենք որոշում ընդունել: Այս անգամ միջորդների կողմից առաջ քաշված առաջարկությունները մենք կներկայացնենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Իր հերթին, Լատվիայի արտգործնախարար Արթիս Պաբրիքսն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Լատվիան կիսում է հայկական կողմի հույսերը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ եւ գտնում է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում: Պետությունների միջեւ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դրանք բոլորը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեն, բանակցությունների միջոցով: Մնացած բոլոր ուղիները չեն հանգեցնում ցանկալի արդյունքի»,- հայտարարել է նա: