16 օգոստոսի 2016 - 12:56 AMT
Ուորլիքը ողջունել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման երաշխավոր դառնալու ՌԴ պատրաստակամությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր:

«Մենք ողջունում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման ձեռքբերմանն ուղղված ջանքերում»,- ասել է Ուորլիքը, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից:Նպատակը լուծում գտնելն է, որը կմշակեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, և կողմերն իրենց պարտված չէին զգա, իսկ «Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կկարողանային հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր»: