Առիթ չկա կասկածելու, որ Ռուսաստանը խախտել է Իրանում օդանավակայանի օգտագործման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը, Մոսկվան Թեհրանին մարտական ինքնաթիռներ չի տրամադրում: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Թիվ 2231 բանաձևը խախտելու մեջ Ռուսաստանին կասկածելու ոչ մի առիթ չկա»,-ասել է ռուս նախարարը: «Մեր դեպքում Իրանին մարտական ինքնաթիռներ չեն առաքվել, չեն վաճառվել և չեն տրամադրվել: Այդ մարտական ինքնաթիռներն Իրանի համաձայնությամբ օգտագործվում են ՌԴ օդուժի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողության շրջանակում` Սիրիայի ղեկավարության խնդրանքով»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոներն ասել էր, որ ՌԴ գործողություններն` Իրանի Համադան օդանավակայանը մարտական թռիչքների համար օգտագործելու ուղղությամբ, կարող են խախտել ՄԱԿ ԱԽ 2015թ. թիվ 2231 բանաձևը:
Օգոստոսի 16-ին ՌԴ ՕՏՈւ հեռահար ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում հակակառավարական ուժերին` թռիչքներ կատարելով Իրանի Համադան օդանավակայանից:
Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի փոխանցել: