Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի նախագիծը ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի հաստատմանը, հայտնում է Tert.am-ը թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի վրա հղումով:
Հունիսի 28-ին Թուրքիան ու Իսրայելը համաձայնագիր են կնքել հարաբերությունները կարգավորելու մասին: Իսրայելն ընդունել է հարաբերությունների վերականգնման համար Թուրքիայի պայմանները:
Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը պարտավորվում է 20 միլիոն դոլար գումար վճարել թուրքական «Ազատության տորմիղ» (Mavi Marmara) նավում սպանված մարդկանց ընտանիքներին: Փոխհատուցումը պետք է արվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրվա ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Իսրայելը համաձայնել է Թուրքիայի առաջադրած բոլոր պայմաններին:
Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք:
Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը:
2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: