ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը օգոստոսի 17-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ` ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի ներկայացրած առաջարկությունները:
Թույլատրվել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից և դրանցից երկու կիլոմետր հեռավորությամբ) հետևյալ որսատեսակների սիրողական որսը`
Լոր` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
Աղավնի (թխակապույտ և անտառային)` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
Կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)` 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
Արտույտ (դաշտային, տափաստանային)` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
Սարյակ (սովորական) ` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
Կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ)` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
Ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
Քարակաքավ` 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
Աղվես` 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):
2016-2017 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:
Նախարարը հանձնարարել է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերի հիման վրա տրվող, բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից կնքված սիրողական որսի կտրոնների տրամադրման գործընթացը, հաշվառումը և անհրաժեշտ վերահսկողությունը՝ օրինախախտումները կանխելու նպատակով, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: