Ավելի քան 4.000 մարդ է ստորագրել կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկուց զրկված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին աջակցող պահանջագիրը:
«Օգոստոսի 16-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով: Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է պահանջագրում, որը տեղադրված է Change.org կայքում:
Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում միջազգային ֆեդերացիաներին, ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիային, վերականգնել արդարությունը:
«Ցանկացած անարդարություն ստվեր է գցում Օլիմպիական խաղերի վրա: Ռիոյում Օլիմպիադայի կազմակերպիչները պետք է միանան այս պահանջագրին և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու համար արդարությունը` այս դեպքում, ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերում»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:
Հարությունյանը պարտված համարվեց սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում աչքի հատվածում վնասվածք է ստացել: Երկրորդ խաղակեսում Ստեֆանեկն իրեն հատկապես պասիվ էր դրսևորում ու խախտում կանոնները: Կիսաեզրափակչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4-1 հաշվով:
Մրցավարներն անարդարացիորեն միավոր տվեցին Շտեֆանեկին` իբր, Հարությունյանի պասիվության համար: Ըստ սպորտային մեկնաբանների, մրցավարներն այդպիսով նվեր մատուցեցին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ազգությամբ սերբ Նենադ Լալովիչին:
Զայրանալով` Հարությունյանը պոկել է վիրակապը, որը դրվել էր ձախ աչքին վնասվածքի պատճառով: Մեդալների հանձնման արարողության ժամանակ հայ ըմբիշը չկարողացավ զսպել արցունքները և չսեղմեց Լալովիչի ձեռքը:
«Ես չեմ պարտվել: Կյանքում առաջին անգամ չեմ ամաչում դա ասել: Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր` ինձ ուղղակի թույլ չեն տալիս իմ տեղը զբաղեցնել պատվո հարթակում: Իմ առաջին տեղը, որը ես վաստակել եմ: Եթե պարտվել եմ` պարտվել եմ, բայց երբ ես հաղթում եմ, ինձ պետք է հնարավորություն տան զբաղեցնել իմ տեղը: Ես հիասթափված եմ և այլևս ոչինչ չեմ ուզում ասել»,-ասել է Հարությունյանը լրագրողներին: Նա նշել է, որ «առջևում էր 1:0 հաշվով, ակտիվ էր աշխատում, առաջևում էր ամբողջ գոտեմարտի ընթացքում»:
Ընթերցեք նաև. Ռիո 2016-ում Հայաստանը մեդալային հաշվարկով 36-րդ հորիզոնականում է