20 օգոստոսի 2016 - 17:01 AMT
Արամ Ա-ն դե Միստուրայի հետ սիրիահայության խնդիրներն է քննարկել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայությանն ատնչվող խնդիրներ:

Արամ Ա-ն սիրիահայերի խնդիրներն է քննարկել նաև միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուների հետ: Վերջիններս Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցություն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնեական համայնքներին:

Արամ Ա-ն հանդիպել է նաև «Արմենոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնյանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայությանն օժանդակություն տրամադրելու կարևորությունը:

Նախքան Ժնև մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տեր Պետրոս Թերզյանի հետ և իր գնահատանքն է հայտնել հիմնադրամի կողմից Սիրիայի հայկական դպրոցներին տրվող օժանդակության կապակցությամբ:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

Մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: