Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը քննադատել է իր ռուսաստանցի գործընկերներին ռուսական ՌՕՈւ կողմից իրանական Համադան օդանավակայանն օգտագործելու փաստը բարձրաձայնելու համար:
ԶԼՄ-ներում ավիաբազայի կիրառման մասին պատմելու որոշումը համաձայնեցված չէր Իրանի հետ և թելադրված էր Մոսկվայի «իրեն ցույց տալու ցանկությամբ», հայտարարել է նա, գրում է BBC-ին:
«Անշուշտ, ռուսներն ուզում են ցույց տալ, որ իրենք գերտերություն են և ազդեցիկ երկիր, որն ակտիվ է անվտանգության ասպարեզում այս տարածաշրջանում և աշխարհում»,-ասել է նախարարը Իրանի կառավարական «Երկրորդ ալիքի» եթերում:
«Այդ տեղեկությունը հրապարակելու հիմքում անհարգալից վերաբերմունքն ու իրեն ցույց տալու ցանկությունն է»,-ասել է Դեհգանը:
Նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ Իրանում ոչ մի արտասահմանյան զորակազմ չկա, քանի որ դա հակասում է երկրի սահմանադրությանը: Խոսելով Համադանի ավիաբազայի օգտագործման մասին` նախարարը հայտարարել է, որ անհրաժետ էր ավիաբազան տրամադրել ռուսական մարտական ինքնաթիռներին լրալիցքավորվելու համար, քանի որ Ռուսաստանը որոշել է ակտիվացնել մարտական գործողությունները Սիրիայի տարածքում:
Ռուսաստանի ՊՆ-ն օգոստոսի 16-ին հաստատել էր, որ Իրանի Համադան ավիաբազայում տեղակայվել են ռուսական ռմբակոծիչներ, որոնք հարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին Սիրիայում:
Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:
Ընթերցեք նաև. Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական Համադան ավիաբազայից