Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի փաստաբանի ներկայացրած կալանքի դեմ բողոքի միջնորդությունը, հայտնում է Aysor-ը:
Լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը և Հարություն Բաղդասարյանը նշել են, որ դատարանից այլ որոշում չէին էլ սպասում: «Արամը ինչպես միշտ ուժեղ էր: Բոլորին կոչ արեց լինել ուժեղ և չվհատվել»,- լրագրողներին է ասել Հարություն Բաղդասարյանը:
Վերջինս փոխանցել է, որ Արամ Մանուկյանը դատարանում ելույթ է ունեցել և միայն մի բան է նշել, թե չի հասկանում դատարանը ինչում է իրեն մեղադրում:
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, որոնք վիրավորվել էին խմբի հանձնվելուց օրեր առաջ, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: