24 օգոստոսի 2016 - 10:49 AMT
Փաստաբան. ՌԴ-ՀՀ գազատարի պայթեցման փորձի գործում «Իսլամական պետության» հետք է հայտնվել

Վրաստանում դեպի Հայաստան տանող ռուսական գազատարի պայթեցման փորձի համար մեղադրվող կասկածյալներից մեկի փաստաբան Մայա Չրելաշվիլին հայտնել է լրագրողներին, որ գործի նյութերում կա իր պաշտպանյալի լուսանկարը «Իսլամական պետության» խմբավորման դրոշի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

5 մեղադրյալներից միայն մեկն է ընդունում իր մեղքը` Բեկա Բեկաուրին, որն այժմ հիվանդանոցում է: Ըստ Պետանվտանգության ծառայության, Բեկաուրին վիրավորվել է ձերբակալության ժամանակ, սակայն նրա մերձավորներն ու հարազատները չեն հավատում դրան:

«Գործի նյութերում գրառում կա այն մասին, որ նրանք կարող են վահաբիզմի հետևորդներ լինել: Ինքը Բեկաուրին ժխտում է դա: Գործում կա Բեկաուրիի և այլոց լուսանկարը տարբեր դրոշների ֆոնին, որոնց թվում կա նաև «Իսլամական պետության» խմբավորման դրոշը: Լուսանկարը նա տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում»,-հայտարարել է Չրելաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

Ըստ փաստաբանի, Բեկաուրին պնդում է, որ առգրվված զենքն իր սեփականությունն է:

Օգոստոսի 22-ին Ռուսաստան-Հայաստան գազամուղը պայթեցնելու փորձ կազմակերպելու մեղադրանքով 7 անձ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Վրաստանի անվտանգության ծառայությունները հայտնել էին, որ վերջինս հաճախ էր լինում Ուկրաինայում, ինչը ձախողված ահաբեկչության պատվիրատուների՝ Ուկրաինայում գտնվելու վերաբերյալ ենթադրությունների տեղիք էր տվել:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն չի բացառել նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հնարավոր առնչությունը Ռուսաստանից Հայաստան գազամուղի պայթեցման անհաջող փորձին: