27 օգոստոսի 2016 - 10:51 AMT
Հայաստանի օլիմպիական հավաքականը հայրենիքում է

Ռիո դե Ժանեյրո-Սան Պաուլո-Դոհա-Երևան չվերթով հայրենիք է վերադարձել Հայաստանի օլիմպիական հավաքականը: Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեցին հայ օլիմպիականներին:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանել է արծաթե մեդալը և կախել ոսկե մեդալ. դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:

Բազմամարդ օդանավակայանում կանգնելու տեղ չկար: Հայ օլիմպիականներին դրսում մեծ հրավառություն էր սպասվում, որից հետո նրանք ուղևորվել են Հանրապետության հրապարակ: Հազարավոր երկրպագուներ վանկարկում էին Հարությունյանի անունը, ինչը շատ հուզեց վերջինիս և արցունքներն աչքերին խոստացավ, որ նման ուրախություն իր ազգին նորից է ցանկանում պարգևել, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Հայ մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում ոսկուց զրկվել և փոխչեմպիոն է դարձել ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիսոսյանն ու Գոռ Մինասյանը: