1 սեպտեմբերի 2016 - 13:14 AMT
Փաստաբանը կպահանջի Միրոնովի գործով հարցում անել ԱՄՆ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ հարցումով ձերբակալված և հետո ազատ արձակված ՌԴ քաղաքացի Միրոնովի պաշտպանությունը կդիմի ՌԴ գլխավոր դատախազություն` ԱՄՆ-ից գործի նյութերը պահանջելու հարցումով: Այդ մասին հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը:

«Ըստ օրենսդրության, եթե ռուսաստանցին ձերբակալվել է այլ պետության հարցումով, գլխավոր դատախազությունը պարտավոր է ստուգել փաստերը: Մենք կպահանջենք, որպեսզի դատախազությունը կատարի իր անմիջական պարտավորություններն ու արդարադատության նախարարությունից խնդրի իր պաշտպանյալին առնչվող նյութերը»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Օգոստոսի 29-ին Ներսեսյանը հայտարարեց, որ Միրոնովն արդեն կարող է անարգել հեռանալ Հայաստանից, քանի որ դատարանը չկալանավորեց նրան և Միրոնովը միանգամայն ազատ է:

Ընթերցեք նաև. Միրոնով. Հայաստանում ինձ հետ հյուրի պես են վարվել

Photo: РИА Новости