2 սեպտեմբերի 2016 - 14:17 AMT
ՀՀ-ում IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն կստեղծվի

Հայաստանում կստեղծեն IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն սոցիալական ծառայությունների համար: Որոշումը կայացվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում:

ՀՀ աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ հանրապետությունը պատրաստվում է անցնել սոցիալական պետծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակի: Դա նշանակում է, որ դրանք պետք է հայտնվեն միասնական տեխնոլոգիական միջավայրում, որը կապահովի դրանց համատեղելիությունը տվյալների միասնական բազայի համար:

Այդ նպատակներով ԱՄՆ կառավարության աջակցության շրջանակում Հայաստանը հուշագիր է ստորագրել IBM կորպորացիայի հետ, որով IBM Curam համակարգի հիման վրա ծրագրվում է գերազանցության տարածաշրջանային կենտրոն ստեղծել:

Դա թույլ կտա ոչ միայն համակարգեր ստեղծել ծառայությունների հետագա ավտոմատիզացման համար, այլև արտահանել դրանք այլ երկրներ, հավելել է նախարարը:

IBM ընկերությունը սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից է: IBM Curam սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով ներկայում առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Կանադայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իռլանդիայում և եվրոպական այլ երկրներում:

Ամերիկյան IBM ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2014-ի դեկտեմբերի 2-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները: