5 սեպտեմբերի 2016 - 11:18 AMT
Ջավախքում ընտանիքի սպանության մեջ մեղադրվողն ինքնասպան է եղել բանտում

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիքի սպանության մեջ մեղադրվողն ինքնասպան է եղել բանտում, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

Միջադեպը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ Թբիլիսիի արվարձանում` Գլդանիի կալանավայրում:

Տեղեկատվությունն այդ մասին տարածել էր «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությունը հաստատել է ինքնասպանության փաստը:

Մեղադրյալ Նոդար Ա-ն, 1992թ. ծնված, ձերբակալվել էր հուլիսի 11-ին: Ըստ քննության վարկածի, 24-ամյա տղամարդը սպանել է մորն ու 3 երեխաներին` կողոպուտի փորձի ժամանակ: Հանցագործության հետքերը թաքցնելու համար նա հրկիզել էր տունը:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի:

Քրեական գործը հարուցվել էր Վրաստանի ՔՕ «2 կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով, որը նախատեսում է 16-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը: