Սիրիայում 5 հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունների հետևանքով մահացել է 21, վիրավորվել առնվազն 50 մարդ, հայտնում է Tert.am-ը սիրիական պետական SANA գործակալության վրա հղումով:
Նշվում է, որ առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել դեպքերի պատասխանատվությունը:
Պայթյունները որոտացել են գրեթե միաժամանակ: Նախ Տարտուս քաղաքում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն: Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչից հետո պայթուցիկ սարք է գործի դրել մահապարտ ահաբեկիչը: SANA-ի փոխանցմամբ՝ այդ ահաբեկչության հետևանքով մահացել է 11, վիրավորվել՝ մոտ 45 հոգի:
Եվս երկու հոգի մահացել են Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի արվարձաններից մեկում, որի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Հինգերորդ պայթյունը տեղի է ունեցել Հասաքե քաղաքում, զոհվել է 5 մարդ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Ժնևում բանակցում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հանդիպման ավարտին հայտարարեց, որ «Դարայան լքելու գործողությունն ավարտված է»: Լավրովն ու Քերին համաձայնեցրել են պայմանները, որ անհրաժեշտ են նոր հրադադարի փուլային հաստատման համար, սակյան չեն ստորագրել համաձայնագիրը: Դետալները դեռ մշակվում են:
Մայիսին սիրիական Ջաբլե և Տարտուս քաղաքներում պայթյունների հետևանքով ավելի քան 100 մարդ էր զոհվել: