5 սեպտեմբերի 2016 - 14:12 AMT
ՀԱՕԿ-ը Գյումրիում մարզահամալիր է կառուցում

ՀԱՕԿ-ը Գյումրիում մարզահամալիր է կառուցում, որտեղ մի շարք մարզաձևերի համար մարզվելու պայմաններ են լինելու: Այդ մասին հայտարարել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն` անդրադառնալով Գյումրիում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման հարցին, հայտնում է Yerkir.am-ը:

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը գտնվում է շատ վատ պայմաններում և հիմնանորոգման կարիք ունի: Մարզադպրոցի հիմնանորոգումը առաջնահերթ ծրագրերում է արդեն երեք տարի։

Նա պարզաբանել է, որ մարզադպրոցը պատկանում է տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանք են տնօրեն նշանակում:

«Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին, ապա մենք Գյումրիում մարզահամալիր ենք կառուցում, որտեղ մի շարք մարզաձևերի համար մարզվելու պայմաններ են լինելու: Այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։ Հուսով ենք՝ հաջորդ տարի Գյումրու մարզակառույցը շահագործման կհանձնվի»,- ասել է նա:

Ռիոյի Օլիմպիադայում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկի է նվաճել: Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: