Սեպտեմբերի 6-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի կունենա երթ՝ նվիրված 1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ զոհված հույների և հայերի հիշատակին, հայտնում է Tert.am-ը «Ակօս»-ի վրա հղումով:
Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:
Բազմաթիվ հայեր և հույներ երեկոյան ժամը 18:30-ին կհավաքվեն՝ «Մենք չենք մոռացել» պաստառներ պահելով, գրում է «Ակօս»-ը։
1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան թուրքական «Իսթանբուլ Էքսպրես» թերթը լույս տեսավ «Մեր նախնիի տունը պայթուցիկով հարձակման է ենթարկվել» գլխավոր վերնագրով: Հոդվածում հեղինակն ահազանգում էր այն մասին, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի տունը, որտեղ ծնվել է Թուրքիայի առաջին նախագահը, պայթեցվել է հույների կողմից:
Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն սադրիչ լուրն արդեն իր գործն արել էր: Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի թուրքերն անցան ակտիվ հարձակումների քաղաքների հունական բնակչության դեմ: Այդ ընթացքում տուժեցին նաև բազմաթիվ հայեր և հրեաներ: Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է եղել: