6 սեպտեմբերի 2016 - 12:35 AMT
Եվրախորհրդարանի կոմիտեն քվեարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման օգտին

Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության ու ներքին գործերի կոմիտեն քվեարկել է Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզային ռեժիմի չեղարկման օգտին:

ԵՄ հետ Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման օգտին քվեարկել է կոմիտեի 44 անդամ, 5-ը դեմ է եղել:

Կոմիտեի անդամները նաև հավանություն են տվել ԵՄ Խորհրդի և Եվրահանձնաժողովի հետ Վրաստանի բանակցություններին, որոնք նախորդում են Եվրամիության կողմից օրենսդրական առաջարկի հաստատմանը:

Քաղաքացիական ազատությունների և ներքին գործերի կոմիտեն գլխավոր դերակատարությունն ունի Եվրախորհրդարանում: Այժմ կոմիտեի որոշումը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում, և վերջում, այն պետք է հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցով զեկուցող Մարիա Գաբրիելը հորդորել է Եվրախորհրդարանի կոմիտեին չեղարկել վիզաներն ուկրաինացիների համար: