30 ապրիլի 2007 - 14:21 AMT
Անկարան «կոշտ քննադատության է» ենթարկել Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Անկարան «կոշտ քննադատության է» ենթարկել Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հայտարարելով, որ այն «անթույլատրելի, անարդար եւ բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի է»: Չնայած թուրքական կառավարության «նախազգուշացմանը», Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը 2007 թվականի ապրիլի 24-ի իր ելույթում ճանաչել է Հայոց ցեղասպանությունն, այդ օրը հայտարարելով Հիշատակի օր:

«Մենք անթույլատրելի, անարդար եւ բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի ենք համարում Կանադայի վարչապետի հայտարարությունը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն համարում է, որ «տվյալ ճանաչումը չի նպաստի բարեկամական հարաբերություններին Թուրքիայի եւ Կանադայի միջեւ եւ չի նպաստի հարաբերությունների նորմալացմանը երկու հարեւան երկրների` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»: «Մենք գտնում ենք, որ Ս.Հարփերը շարունակում է մոլորության մեջ գտնվել` իրավասու կանադացի պատմաբաններին 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու կոչ անելու փոխարեն»,-ընդգծվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»:

Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն «նախազգուշացրել» էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին, որ ապրիլի 24-ին նա հանդես չգա հայտարարությամբ, որտեղ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են անվանվում: