8 սեպտեմբերի 2016 - 15:59 AMT
Ուզբեկստանում նախագահի պաշտոնակատար են նշանակել

Ուզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիյաևը նշանակվել է երկրի նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար:

Նշանակումը կատարվել է սեպտեմբերի 8-ին ուզբեկական խորհրդարանի (Մաժիլիսի) Օրենսդիր պալատի և Սենատի համատեղ նիստում, հայտնում է Ինտերֆաքսը:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: Այդ մասին ասվում է երկրի խորհրդարանի և կառավարության հաղորդագրության մեջ: Նրան հուղարկավորել են սեպտեմբերի 3-ին Սամարղանդում: Թաղման պետական հանձնաժողովը գլխավորում էր Միրզիյաևը:

Միրզիյաևը ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2003-ին: 2015-ի հունվարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա կրկին հաստատվեց կառավարության ղեկավարի պաշտոնում: