Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երաշխավորել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար:
Այդ մասին է հայտարարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության գործադիր մարմնի ու խորհրդի նիստից հետո ասուլիսի ընթացքում:
«Անսալով նաև հանրային, քաղաքական և այլ ոլորտներից եկող ազդակներին որոշում է կայացվել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ», - ասել է նա:
Նա նշել է, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունը միաձայն է առաջադրվել: Թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱԺ-ում:
Կարապետյանի թեկնածության ընտրության ժամանակ, ըստ Աշոտյանի, հաշվի են առնվել, մասնավորապես, «բնավորության համապատասխան մի շարք գծեր, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները»: Պատասխանելով հարցին, արդյոք կար Կարապետյանի ընտրության հարցում ռուսական գործոնի ազդեցություն, Աշոտյանը հորդորել է արտաքին քաղաքական դրդապատճառներ նոր վարչապետի թեկնածությունում չփնտրել:
Կառավարության այլ փոփոխություններ ԳՄ նիստի ընթացքում չեն քննարկվել:
Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում: 1986թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1989թ. դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու, իսկ 2010թ.` տնտեսական գիտությունների դոկտոր: Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001թ.-ից մինչև 2010 թվականը: Մինչ այդ նա եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար և «Հայէներգո» ընկերության գլխավոր տնօրեն: Կարեն Կարապետյանն ամուսնացած է, ունի երեք երեխա: