Համաներումը պետք է կոնկրետ խնդիրներ լուծի: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հնարավոր համաներման հարցին:
«Օրինակ` այդ պահի դրությամբ արարքներ կան, որոնք անձի դատապարտվելու պահին եղել են հանցավոր, իսկ հիմա արդեն վերացել է անհրաժեշտությունն այն այդպիսին դիտելու»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:
Դիտարկումը, թե համաներման հետ կապված տեսակետներ կան, որ այն նպատակաուղղված է կալանավայրերի բեռնաթափմանը՝ Պաշտպանը հրաժարվել է մեկնաբանել:
«Քանի որ համաներման վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, հետևաբար այդ առումով ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչ դրույթներ է ունենալու համաներման ակտը, կամ եթե այդպիսին լինելու է»,- ասել է ՄԻՊ-ը:
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությանը, որի մասին նաև ՄԻՊ-ն է անդրադարձնում իր զեկույցներում, Թաթոյանը պատասխանել է, որ խնդիրն, իհարկե, կա:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել է Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա:
Խորհրդից հայտնում են, որ հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել և կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին: