13 սեպտեմբերի 2016 - 15:32 AMT
Զուրաբյան. ԸՕ-ի փոփոխությունների համար անհրաժեշտ $9 մլն հայթայթվել է

«Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը սեպտեմբերի 9-ին նախաստորագրվել է, որին մասնակցել են խորհրդարանական հինգ խմբակցություն:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, դրանից հետոհանդիպել են դոնորների հետ, համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարն ամբողջովին հայթայթված է:

Զուրաբյանն ասել է, որ քաղհասարակությունը տվել է իր համաձայնությունն այդ փաստաթղթին, գրում է Panorama.am-ը:

«Քանի որ քաղհասարակությունը տվել է իր հավանությունը, առաջարկում եմ հնարավորինս արագ նախաձեռնել այդ համաձայնագրի վերջնական ստորագրման արարողակարգը, այնուհետև անցնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Խոսքը հայտնի 4+4+4 բանակցային ձևաչափում ընդգրկված քաղաքական ուժերի և իշխող հանրապետական կուսակցության միջև ստորագրված փոխհամաձայնության մասին է։ Գումարն անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների ներդրման նպատակով, որի շուրջ ամիսներ առաջ կայացավ իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնությունը։