13 սեպտեմբերի 2016 - 16:14 AMT
Շարմազանով. Այսօր համար մեկ խնդիրն Արցախի կարգավիճակն է

Ղարաբաղի Հանրապետության դե յուրե ճանաչումը ընդամենը ժամանակի խնդիր է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հայտնում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է տարածքների խնդրին, ապա ըստ ԱԺ փոխնախագահի, այսօր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակն է: «Տարածքներից պետք չէ խոսել, տարածքների տեղը ես նրանց ցույց եմ տվել, վերջերս էլ Դավիթ Բաբայանը շատ դիպուկ ցույց է տվել տարածքների տեղը: Եվ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ԼՂՀ ժողովրդի արդար պայքարը, որը սկսել է 1988 թվականին»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով պայմանավորվածություններին՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ դրանք չեն իրականացվում առաջին հերթին Ադրբեջանի պատճառով:

Նրա խոսքերով՝ խնդիրը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը և պետք է հնարավորություն ունենա միջազգային նորմերին համապատասխան իրականացնել ինքնորոշման իր իրավունքը:

Ավելի վաղ Էդուարդ Շարմազանովն Արգենտինյան Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: