15 սեպտեմբերի 2016 - 10:45 AMT
ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին մասնակցել են ՄԱԿ և ԵԱՀԿ ներկայացուցիչները

Սեպտեմբերի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ գումարվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը, որին ելույթներով են հանդես եկել ՄԱԿ Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պետկո Դրագանովն ու ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոն:

ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կենտրոնների ղեկավարներն անդրադարձ են կատարել իրենց ղեկավարած կառույցների գործունեությանը, դրանց առջև ծառացած խնդիրներին, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հեռանկարային ուղղություններին, հայտնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Քննարկումների ժամանակ կարևորվել է ՄԱԿ, ԵԱՀԿ ու ՀԱՊԿ գործակցության խթանումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Այդ առնչությամբ դեսպան Պեշկոն ընդգծել է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ԵԱՀԿ-ՀԱՊԿ գործնական փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով:

ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: