Քրդերը կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում և նրանց իրավունքների պաշտպանությունը Սիրիայի ապագա կառուցվածքի կարևոր պայմաններից մեկն է: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հուսեյն Ջաբեր Անսարին:
«Քրդերը մեր տարածաշրջանի անբաժան մասն են: Իրանում քրդերի հանդեպ վերաբերմունքը երկու մոտեցում է ենթադրում` նրանց քաղաքացիական իրավունքների իրացումը իրենց բնակության երկրների շրջանակում, և երկրների մասնատման կասեցումը: Քրդերի քաղաքացիական իրավունքների իրացումը պետք է իրականացվի Սիրիայում և Իրաքում: Եվ դա պետք է դառնա Սիրիայում կարգավորման հիմքերից մեկը»,-ասել է Անսարին:
Ավելի վաղ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հայտարարել էին, որ քրդերը պետք է լիարժեք ներկայացված լինեն Սիրիայում ընթացող քաղաքական գործընթացում և մնան սիրիական պետության մաս, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու, ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:
Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։