16 սեպտեմբերի 2016 - 17:08 AMT
Ռուսական ֆուտբոլում կարող է չեղարկվել դաշտում լեգիոներների քանակի սահմանափակումը

Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավար Վիտալի Մուտկոն չի բացառել, որ հաջորդ խաղաշրջանում կչեղարկվի լեգիոներների քանակի սահմանափակումը, որոնք կարող են միաժամանակ լինել դաշտում, սակայն կսահմանափակվի օտարերկրացիների քանակն ակումբների հայտերում:

Այդ մասին Մուտկոն հայտարարել է Կազանում կայացած խորհրդակցության ժամանակ: Այժմ Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում գործում է «6 լեգիոներ+5 ռուսաստանցի» սխեման:

«Չի բացառվում, որ հաջորդ խաղաշրջանում մենք կվերացնենք դաշտում լեգիոներների թվի սահմանափակումը, սակայն կպահպանենք այն հայտերում»,-ասել է Մուտկոն իր ելույթում, հայտնում է Rsport-ը:

Ավելի վաղ առաջարկվում էր է «10 լեգիոներ+15 ռուսաստանցի» սխեման, սակայն, այդ փոփոխությունը չընդունվեց: Այժմ Ռուսաստանում խաղում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 2 ֆուտբոլիստ`Էդգար Մանուչարյանը, որը հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում, և Կառլեն Մկրտչյանը, որը խաղում է Մախաչկալայի «Անժիում»: