19 սեպտեմբերի 2016 - 18:19 AMT
Թուրքիայում հայկական դպրոցի պատին ռասիստական գրություն է հայտնվել

Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը Սկյուտարում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պարտեզի պատին ռասիստական գրություն է հայտնվել:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի և հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն Twitter-ի միկրոբլոգում տարածել է լուսանկար, որտեղ երևում է դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Վերջին շրջանում հայկական դպրոցների վրա հարձակումներն աճել են: 2016-ին Գալֆայան դպրոցի վրա սա երկրորդ հարձակումն էր: Առաջինը տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանության տարելիցին՝ 2016թ.-ի հունվարի 19-ին, երբ անհայտ անձիք դպրոցի պատին գրել էին. «Տառապանք հային»: